COMPETITION TYPE
: 
Դրամաշնորհային ծրագիր
DETAIL DESCRIPTION
: 
Գյուղատնտեսական ձեռնարկությունների սարքավորումների վերազինմանն աջակցելուն և արտադրողական կարողություններն ու արտադրանքի որակը բարելավելուն ուղղված դրամաշնորհային ծրագիր
Հրապարակման ամսաթիվ՝ 2024թ․ հոկտեմբերի 1
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Շարունակական հիմունքներով 2024թ․ հոկտեմբերի 1 – 2025թ․ սեպտեմբերի 30
ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը («ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր») հրապարակում է No. APS-2024-002-Equipment-to-Agribusinesses ծածկագրով Տարեկան ծրագրային հայտարարություն (ՏԾՀ)՝ տրամադրելու իր գործունեությանն աջակցելուն ուղղված դրամաշնորհներ, որոնց նպատակն է բարելավել գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրողականությունը Հայաստանի բոլոր մարզերում՝ աջակցելով նրանց արդիականացնել և վերազինել իրենց սարքավորումներն արտադրության, վերամշակման, հետբերքահավաքային և լոգիստիկ գործունեության համար և, ի վերջո, ինտեգրվել տարածաշրջանային, ազգային և միջազգային շուկաներին: Դրամաշնորհները կտրամադրվեն և կիրականացվեն դրամաշնորհները կարգավորող ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ կառավարության կանոնակարգերի, ինչպես նաև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի դրամաշնորհների կառավարման ներքին քաղաքականության համաձայն:
«ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը խորապես վերլուծել է գյուղատնտեսական արժեշղթաները՝ հիմնվելով դրանցում արտահանման ավելացման, ներդրումների մոբիլիզացման և աճի խթանման ներուժի վրա: Այս վերլուծությունների հիման վրա մի քանի ենթաոլորտներ բացահայտվել են որպես նպատակային միջամտության ուղղություններ և հանդիսանում են այս ՏԾՀ-ի թիրախ՝
1. Խաղողագործություն և գինեգործություն
2. Մրգեր և հատապտուղներ (թարմ և վերամշակած)
3. Բանջարեղեն (թարմ և վերամշակած)
4. Խոտաբույսեր (թարմ և չորացրած) և բուսական թեյեր
5. Մեղր
6. Ընկույզներ
Այս ՏԾՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհները կհզորացնեն բիզնեսները գյուղատնտեսության թիրախային ենթաոլորտներում, կբարելավեն նրանց կառավարման գործելակարգերը և կինտեգրեն կայուն արդիականացումն արտադրության, վերամշակման, հետբերքահավաքային և լոգիստիկ գործունեության մեջ, ինչպես նաև կնպաստեն փոխկապակցված կառույցների ապրանքների վաճառքի ավելացմանը (օրինակ՝ գինեգործներ, հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, խոտաբույսեր և բուսական թեյեր, մեղր և ընկույզներ արտադրող և վերամշակող ըներություններ, մատակարարներ, ենթակապալառուներ, ֆերմերներ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, բեռնափոխադրողներ, գյուղատնտեսական լոգիստիկ և հետբերքահավաքային օպերատորներ, արտահանողներ, սննդի առևտրով զբաղվողներ և այլն): Դրամաշնորհային աջակցության համար դիմող ընկերությունները, որոնք բարելավելու են իրենց հնարավորությունները և արտադրական կարողությունները, պետք է ապահովեն միկրո և փոքր ֆերմերների ինտեգրումն իրենց մատակարարման ցանցերում, ներառյալ, հնարավորության դեպքում, անապահով խմբերի (կանանց, երիտասարդների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլնի) կողմից հիմնված տնտեսությունները, այդպիսով ստեղծելով նպաստավոր միջավայր, որպեսզի ֆերմերները դառնան կայուն և ավելի շատ արտադրեն:
Նշված ենթաոլորտների շրջանակներում այս ՏԾՀ-ն ուղղված է այն գյուղատնտեսական ձեռնարկություններին, որոնք ցանկանում են բարելավել իրենց կարողությունները հետևյալ հիմնական տիրույթներում՝
- ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ խաղողի, մրգատու և ընկույզների այգիների, բանջարեղենի դաշտերի, խոտաբույսերի ֆերմաների և մեղվանոցների (մեղվաբուծարանների) արդիականացում՝ բարելավելու որակի չափանիշները (օրինակ՝ հակակարկտային ցանցեր, կաթիլային ոռոգման համակարգեր և այլն):
- ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ․ արտադրության արդյունավետության բարձրացում խաղողի, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, խոտաբույսերի, մեղրի և ընկույզների մշակման ժամանակ (օրինակ՝ գործիքներ, սարքեր, մաքրման, լվացման, չորացման, տեսակավորման և/կամ դասակարգման, վերամշակման, փաթեթավորման, պիտակավորման, կափարիչի փակման ավտոմատացված սարքավորումներ և այլն):
- ՀԵՏԲԵՐՔԱՀԱՎԱՔԱՅԻՆ․ բերքահավաքից հետո գյուղմթերքի հավաքման և պահեստավորման արտադրական արդյունավետության բարձրացում (օրինակ՝ ստացիոնար և շարժական (բեռնատարի վրա) սառնարանային սարքավորումներ (բացառությամբ մեքենայի) համապատասխան մեկուսացման համակարգերով, խոնավության վերահսկման և օդի շրջանառության համակարգեր, փոփոխված մթնոլորտի և վերահսկվող մթնոլորտի տեխնոլոգիաներ և այլն):
- ԼՈԳԻՍՏԻԿ․ գյուղմթերքի փոխադրման և իրացման արտադրական արդյունավետության բարձրացում (օրինակ՝ գյուղմթերքի փոխադրման և իրացման սարքավորումներ և այլն):
Այս ՏԾՀ-ի շրջանակներում «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից առանձին դրամաշնորհային նախագծերին տրամադրվող աջակցությունը նախատեսվում է նվազագույնը $20,000-ից մինչև առավելագույնը $150,000, ընդ որում դրամաշնորհները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով: Հայտատուի մասնակցային ներդրումը կազմելու է ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի նվազագույնը 30%, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների: Դրամաշնորհառուները կկարողանան ԱԱՀ-ից ազատում հայցել դրամաշնորհի շրջանակում կատարվող իրավասու ծախսերի համար: Հաստատվելու դեպքում ԱԱՀ հարկազատման գրությունները կտրամադրվեն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Առանձին դրամաշնորհային նախագծերի իրականացման ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 ամիս դրամաշնորհի պայմանագրի ստորագրման օրվանից՝ մեկնարկելով 2024թ. նոյեմբերի 1-ից հետո և ավարտվելով 2026թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ։
REQUIREMENTS
: 
Հայտատուները պետք է խստորեն պահպանեն սույն ՏԾՀ-ի պահանջները: Դրամաշնորհի հայտերը կարելի է ներկայացնել անգլերեն կամ հայերեն լեզվով։ Դրամաշնորհի հայտերն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով։
Սույն ՏԾՀ-ին առնչվող ցանկացած արձագանքի դեպքում խնդրում ենք նշել APS-2024/002-Equipment-to-Agribusinesses ծածկագիրը։
ՏԾՀ-ին առնչվող ցանկացած հարց պետք է ներկայացվի «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝
[email protected] հասցեով: Հարցերը պետք է ներկայացնել գրավոր։ Հեռախոսազանգեր չեն ընդունվում։ Հարցերն ու պարզաբանման հարցումները, ինչպես նաև դրանց պատասխանները, որոնք, ըստ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հայեցողության, կարող են հետաքրքրել այլ հայտատուների, կտրամադրվեն սույն ՏԾՀ-ով հետաքրքրված և հայտեր ներկայացնելու ցանկություն հայտնած կառույցներին։ Միմիայն «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից տրված գրավոր պատասխանները կհամարվեն պաշտոնական և դերակատարում կունենան ՏԾՀ-ի գործընթացում ու հետագա գնահատման ընթացքում:
APPLICATION PROCEDURES
: 
Այս ՏԾՀ-ի վերջնաժամկետն է 2025թ. սեպտեմբերի 30-ը, որի շրջանակներում ներկայացված հայտերը կուսումնասիրվեն շարունակական հիմունքներով, իսկ դրամաշնորհային նախագծերը կհաստատվեն՝ կախված միջոցների առկայությունից: Վաղաժամ հայտեր ներկայացնելը խրախուսվում է՝ մեծացնելով հայտերի դիտարկման հավանականությունը նախքան հատկացված միջոցների սպառվելը։
Հայտերը կարելի է ներկայացնել միմիայն էլէկտրոնային եղանակով՝ էլ․նամակ ուղարկելով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի
[email protected] հասցեին, վերնագրում նշելով «APS-2024/002-Equipment-to-Agribusinesses» ծածկագիրը և հայտ ներկայացնող ընկերության անվանումը։
Դրամաշնորհի հայտերը կընդունվեն բացառապես սույն ՏԾՀ-ով սահմանված ձևաչափով և հավելվածներով: Դրամաշնորհի հայտի փաթեթը պետք է ներառի.
- Դրամաշնորհի հայտաձև (Հավելված 1) և Հավելվածներ 2-12, ներառյալ՝
- Ընկերության պետական գրանցման (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի) վկայականի գունավոր սկան և իրական շահառու(ներ)ի/ սեփականատեր(եր)ի մասին պաշտոնական հայտարարագիր
- Ընկերության ԱՌ-3 (ամբողջական) վարկային զեկույց ԱՔՌԱ-յից և հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք ՊԵԿ-ից
«ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմը պատասխան նամակով կհաստատի հայտը ստանալու փաստը։
Դրամաշնորհային հայտի հայերեն և անգլերեն լեզուներով Հավելված 1-12 ձևանմուշները կարող եք ներբեռնել
https://www.cnfa.org/economic-foundations-grant-portal/ կայքէջից։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA
: 
Այս ՏԾՀ-ի շրջանակներում հայտադիմում ներկայացնող հայտատուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ/ԲԲԸ, անհատ ձեռնարկատեր) և ներկայացնեն գրանցման փաստաթղթեր՝ որպես դրամաշնորհային միջոցներ ստանալու նախապայման: Այս ՏԾՀ-ի շրջանակներում իրավունակ են հետևյալ հայտատուները՝
- Գործել Հայաստանի Հանրապետությունում և գյուղատնտեսության թիրախային ենթաոլորտներում (գինի, հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, խոտաբույսեր, մեղր և ընկույզներ):
- Գործունեություն ծավալել առնվազն մեկ տարի և նախորդ տարվա համար ունենալ նվազագույնը 10,000,000 ՀՀ դրամ տարեկան հասույթ:
- Առաջարկել գործողություններ, որոնք համահունչ են «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի թիրախներին և սույն ՏԾՀ-ի և դրամաշնորհային ծրագրի նպատակներին:
- Ցուցադրել, որ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի դրամաշնորհային աջակցությունը դրականորեն կնպաստի հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկին՝
ա) Բարելավել հայտատու ընկերության արտադրության որակը
բ) Բարձրացնել հայտատու ընկերության ներքին վաճառքի ծավալը
գ) Բարձրացնել հայտատու ընկերության արտահանման ծավալը
դ) Ընդլայնել հայտատու ընկերության արտահանման շուկան
- Հայցել $20,000-$150,000 համարժեք ՀՀ դրամ՝ որպես դրամաշնորհային ֆինանսավորում:
- Բավարարել մասնակցային ներդրման նվազագույն պահանջը (նախագծի ընդհանուր արժեքի 30%-ը), հայտատուների կողմից ավելի մեծ մասնակցային ներդրումը խրախուսվում է, ինչը կհանգեցնի գնահատման ընթացքում ավելի բարձր միավորների:
- Պատրաստ լինել ըստ պահանջի ենթարկվելու անկախ ֆինանսական ուսումնասիրման և գնահատման:
- Տրամադրել ԱՔՌԱ-յից վարկային զեկույց և ՊԵԿ-ից տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ:
- Ստանալ հավաքական գնահատման առնվազն 70 միավոր, ինչը հիմք կհանդիսանա ստուգայցի համար:
- Պարտավորվել պահպանել բարձր էթիկական չափանիշներ, ներառյալ բիզնես գործարքների թափանցիկությունը և գրառումների պահպանումը:
- Համապատասխանել ԱՄՆ ՄԶԳ բնապահպանական չափանիշներին, ներկայացնել տեղեկատվություն հավանական բնապահպանական ռիսկերի և մեղմման միջոցառումների վերաբերյալ և հետևել «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից յուրաքանչյուր հաստատված դրամաշնորհային ծրագրի համար մշակված Շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմման և մոնիտորինգի պլանի դրույթներին: Բնապահպանական բացասական գնահատականը կարող է որակազրկման հիմք լինել։
- Ենթարկվել նախահաստատման գնահատման և հաջողությամբ անցնել այն ըստ ընթացակարգերի, ներառյալ GMP/GHP-ի մասով սննդի անվտանգության աուդիտ (Լավ արտադրական և հիգիենիկ գործելակարգեր):
Եթե պատշաճ գնահատման ստուգումները չբացահայտեն մեծ խնդիրներ, «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը կտրամադրի անհրաժեշտ հրահանգներ, տեխնիկական պահանջներ և դրամաշնորհի տրամադրման գործընթացի վերաբերյալ հետագա անելիքներ, ներառյալ ուղեցույց
www.SAM.gov-ի ամբողջական գրանցման համար:
Թեև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը կդիտարկի բոլոր հայտերը, հավանական դրամաշնորհառուներին ընտրելիս առաջնահերթությունը կտրվի այն ընկերությունների նախագծերին, որոնք կներգրավեն անապահով խմբերին (ներառյալ կանանց, երիտասարդներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլն) և կցուցադրեն բիզնեսի աճի համար իրատեսական ներուժ (արտադրանքի որակի բարելավում, նոր արտադրանքի մշակում, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, տեղական մատակարարման ցանցերի ընդլայնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կողմից ստեղծված բիզնեսների ներգրավմամբ և այլն):
INTENDED AUDIENCE
: 
Գյուղատնտեսական ձեռնարկություններ, որոնք զբաղվում են գինու, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, խոտաբույսերի, մեղրի և ընկույզների թիրախային ենթաոլորտներում գյուղմթերքի արտադրությամբ, վերամշակմամբ, հետբերքահավաքային և լոգիստիկ գործունեությամբ
ABOUT
: 
ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) 5-ամյա ծրագիր է, որն իրականացվում է CNFA-ի կողմից, տես ավելին
https://www.cnfa.org/program/usaid-economic-foundations-for-a-resilient-armenia/ կայքէջում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հիմնական նպատակն է ներդնել նորարարական, կայուն և ընդլայնման ենթակա լուծումներ և զարգացնել Հայաստանի կառավարության, արդյունաբերության, վարկատուների և ներդրողների կարողությունները՝ խթանելու գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ձեռնարկությունների աճն ու մրցունակությունը, դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության դիմակայունությանը։
«ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը ձգտում է բարելավել գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրողականությունը Հայաստանի բոլոր մարզերում՝ աջակցելով նրանց արդիականացնել և վերազինել իրենց սարքավորումներն արտադրության, վերամշակման, հետբերքահավաքային և լոգիստիկ գործունեության համար և, ի վերջո, ինտեգրվել տարածաշրջանային, ազգային և միջազգային շուկաներին: Այս դրամաշնորհային ծրագրով միջամտությունը կօգնի էլ ավելի զարգացնել տնտեսական կարողությունները Հայաստանի բոլոր մարզերում և ապահովել դրամաշնորհառուների արտադրանքի և ծառայությունների որակի և քանակի շարունակական մատակարարումը, այդպիսով հանգեցնելով ավելի բարձր եկամուտների և հնարավորություն տալով մուտք գործել բարձրարժեք կայուն շուկաներ: Այս դրամաշնորհային ծրագրի շնորհիվ բոլոր արդիականացված կարողությունները պետք է համապատասխանեն սննդի անվտանգության չափանիշներին, ինչպիսիք են HACCP/ՎՎՀԿԿ (Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետեր) սկզբունքներն ու կիրառման ուղեցույցները կամ այլ FSMS (Սննդի անվտանգության կառավարման համակարգ): Բարելավելով հաստատությունները և արտադրողականությունը՝ գյուղատնտեսական ձեռնարկությունները կարող են արտադրել ավելի որակյալ մրգեր և բանջարեղեն և նվազեցնել հետբերքահավաքային կորուստները: Գյուղմթերքի ավելի երկարատև պահեստավորումն օգնում է իրականացնել ավելի բարձր գներով վաճառք օպտիմալ ժամանակահատվածներում: Վերամշակող և մթերող ձեռնարկությունների բարելավված հնարավորությունները և արտադրողականությունը լրացուցիչ կարողություններ են ստեղծում և հանգեցնում ֆերմերներից ավելի մեծ քանակությամբ արտադրանքի գնման, ինչն իր հերթին ֆերմերների համար ստեղծում է ավելի շատ արտադրելու բարենպաստ միջավայր: Գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրության արդյունավետության բարելավումը հանգեցնում է նրանց աճին և ավելի շատ ֆերմերների ինտեգրմանն իրենց ցանցերում։ Սննդի անվտանգության միջազգայնորեն ճանաչված ստանդարտների ներդրումը կարևոր է հայկական արտադրանքի արտահանման աճի համար: